Jun 27, 2016

”With the Magic Carpet to Armenia”



A nice surprise! My report about my 2015 journey to Armenia and ”Golden Apricot” Film Festival, originally published in Ziarul Lumina / November 7, 2015, (entitled ”Cu covorul fermecat prin Armenia” /”Ce vânt te aduce la noi?”) has been translated into Armenian and published in the Armenian newspaper AZG Daily/23.06.2016.
I express my gratitude to the two translators, Andrei Paslariu and Artsvi Bakhchinyan.

http://azg.am/AM/print/culture/2016062403
http://azg .am/AM/culture/2016062403



Here is the full text:
ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 2016-06-24
ՕՏԱՐՆԵՐԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄՙ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԳՈՐԳՈՎ


Ելենա ԴՈՒԼԳԵՐՈՒ
«Լումինա» («Լույս»), Բուխարեստ, 2015, նոյեմբեր 7
Ներկայացվող հոդվածի հեղինակը ռումինուհի կինոգետ Ելենա Դուլգերուն է, որ 2015-ին մասնակցեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնին որպես ՖԻՊՐԵՍՍԻ ժյուրիի անդամ:
Հոդվածը հայերեն է թարգմանել երիտասարդ ռումինացի Անդրեյ Պասլարիուն: Մոր կողմից լինելով հայազգիՙ նա ինքնուրույն սովորել է հայերեն: Հայաստանում առայժմ չի եղել: Կրթությամբ ճարտարապետՙ նա ժամանակ առ ժամանակ զբաղվում է ռումիներենից հայերեն թարգմանություններովՙ չմոռանալու համար լեզուն: Հրատարակում ենքՙ իր հրաշալի մտքերի, պատկերների համար, մանավանդՙ սիրո համար, մանավանդ որ «Ոսկե ծիրանը» հեռու չէ, թեեւ... սակավ է ծիրանը:
«Քեզ ի՞նչը բերեց մեզ մոտ...»
Հայաստան, Երեւան, «Ոսկե ծիրան»: Ինձ դիմավորեցին ծիրանով լի մեծ զամբյուղներով: Հուլիս է, ծիրանի ամիսը, երբ ծիրանը լցվում է բոլոր շուկաները եւ ավանդաբար օրհնվում եկեղեցում: Ծիրանը, որի անունը կրող կինոփառատոնի շնորհիվ ես եկել եմ Հայաստան: Ծիրանը (ազգային խորհրդանիշ) մեծ զամբյուղների մեջ ներխուժել է փառատոնի բացման հանդիսավոր արարողության բեմը, կինոսրահների միջանցքները, մամլո գրասենյակը: Անգամ կարմիր գորգը լի է այդ պտուղներով լի զամբյուղներով: Մանր «ցանկության ծառերը»ՙ ոսկե ծիրաններով, ամեն ցերեկ ու ամեն իրիկուն գտնվում են բանկետի սեղանների վրա, թափվածՙ ինչպես Առատության եղջյուրից, որպես ապացույց հայկական հյուրընկալության: Փառատոնի մրցանակակիրները կստանան արձանիկներ, դիպլոմներ ու, իհարկե, զամբյուղներՙ սաթագույն ծիրաններով: Բավական են բոլորի համար: Գնում ենք հյուրանոցի սենյակներըՙ մեր գրպանները ծիրաններով լիքը: Կիսաթափանցիկ, դեղին, ծիածանաքարի, ակացիայի, մեղրի գույնով:
Մարդիկ հարցնում են ինձՙ «Քեզ ի՞նչը բերեց մեզ մոտ...»: Արդյոք իտալացիները հարցնո՞ւմ ենՙ ի՞նչ ես որոնում Հռոմում: Կամ ֆրանսիացիներըՙ ի՞նչ ես որոնում Ֆրանսիայում: Անգլիացինե՞րը... շվեդնե՞րը... ամերիկացինե՞րը... Սակայն հասնելու համար Հայաստան (ինչպես նաեւՙ Ռումինիա, Վրաստան, Ղազախստան), հարկավոր է մի հիմնավոր պատճառ: Մի նպատակ, մի պատահականությունՙ միայն քեզ: Որովհետեւ ոչ բոլոր հողմերն են փչում այստեղ:
Ի՞նչը բերեց ինձ Հայաստան: Պատասխանում եմՙ Փարաջանովը: Հավատո՞ւմ են ինձ: Այո՛, ինձ հավատում ու հասկանում են: Ամենքը ճանաչում են Փարաջանովին այստեղ (ինչպես եւ նրա ծննդավայր Վրաստանում): Ես ինձ զգում եմ տանը: Ինչպես զգում էի Վրաստանում (Սաքարթվելո-Իբերիա-Կողքիս-Քարթլիում):
Այն, որ մեզ համար Արմենիա է, հայերի համար Հայաստան էՙ Հայկի երկիր, որը Նոյի հետնորդն էր: Վրացիները նույնպես Նոյի հետեւորդներ են: Քարթլին Քարթլոսի երկիրն է, որը Թորգոմի որդին էր, որդին Գամերի, որդին Հաբեթի, երրորդ որդին Նոյի: Այս անուները գտնվում են Գիրք Ծննդոցի մեջ, սակայն նաեւՙ կովկասյան հին գրությունների մեջ, սերնդեսերունդ փոխանցված:
Ազգի ծագումնաբանական ծառն առկա է թանգարաններում, դպրոցներում ու եկեղեցիներում, այնպես որ դա բոլորը գիտեն: Լեզվից ու այբուբենից բացիՙ սա ազգային «պատկերներից» մեկն է: Եվ հայերի համար ազգային ինքնության պատկերները շատ են ու այնքան կենդանի:
Մենք բոլորս ենք Նոյի հետնորդներ, բայց քիչ ազգեր են այս հիշատակը պահել անձեռնմխելի: Քիչ ազգեր գիտեն իրենց նախահայրերի անուններըՙ սկսած սկզբից: Լինելով հիշողություն ունեցող ազգՙ հայերն իրենց նախնիներին ճանաչում ու մեծարում են նաեւ այսօր: Նրանց գրականությունը հազարամյա է: Այբուբենի հիմնադիրների անուններով պողոտաներ են կոչվում ու հավերժացվում զարմանալի գեղեցիկ ու վեհ արձաններով:
Արեւելքի Դարպասները
Չգիտեմ, եթե կա մի ուրիշ քաղաք ճարտարապետական ու քանդակագործական այնպիսի քարի հանճարով, ինչպիսին Երեւանն է: Կարծես թե երեւելի անձանց արձանները ողջունում են քեզ ամեն մի փողոցումՙ արժանապատվության, իմաստության, վեհության, քաջության կամ կատակասեր արտահայտություններով, ինչպես հին իմաստունների խորհրդի միջից, դուրս եկած ազգային գրությունների բազալտից: Կարծեմ թե հեռու անցյալի ու ներկայի միջեւ այս ներդաշնակությունը միայն հայերը կարող են ստեղծել: Սառը հեգնանքի ոչ մի հետք չկա ազգային պատմության հանդեպ, ինչն առկա է Ռումինիայի վերջին կես դարի մշակույթի մեջ: Եվ այս հրաշալի արձանները, որ լցնում են հայկական քաղաքները, անգամ գյուղերը, կերտել են բազմաթիվ տեղական քանդակագործներն ու ճարտարապետները խորհրդային հետպատերազմյան տարիներին կամ 1990 թվականից հետո, երբ Հայաստանը թափ էր տալիս ողջ սնանկացած արդյունաբերությունը: Երվանդ Քոչար, Արա Հարությունյան, Արա Սարգսյան, Ղուկաս Չուբարյանՙ ահա հայտնի քանդակագործների մի շարք, հեղինակներն այն ստեղծագործությունների, որ հազար թեմանով կապված են այս ազգի պատմության, ոգու եւ ավանդույթի հետ: Որտեղի՞ց են միջոցներ գտնվում խիստ գեղազարդ քաղաքաշինական ներդրումների համարՙ այս անվերջանալի տնտեսական ճգնաժամում, երկարատեւ պատերազմի մեջ ու ավերիչ երկրաշարժից հետո: Թվում է, թե հայերը նոր ուժ են գտնում մոխրի մեջ, ինչպես Փյունիկը: Զարմանալի է, թե ինչպես մի երկիր, որը դարեր շարունակ չուներ անկախություն, դեռ ուժ է գտնում վերածնվելու ու մշակույթ ստեղծելուՙ հիմնված գեղեցկության, ազնվականության եւ վսեմի վրա: Մի երկիր, որը դրսից թվում է իր անցյալի մեջ քարացածՙ իր հազարամյա եկեղեցիների պես, շատ երկար ժամանակ լքված, բայց այժմՙ վերածնված անհասկանալի մի ուժով, որ կարող է բխել միայն Աստծո հանդեպ հավատիցՙ Խաչի գաղտնիքում պարփակված: Գաղտնիքն այս հազարամյա քարերիՙ խաչքարերի, որ այս երկրի քարագործներն ու վանականները միշտ են իմացելՙ անդրադառնալով ծաղիկներին ու աստղերին, արաբանախշերին ու երկնային ծառերին, երկնքի թռչուններինՙ կարծես թե քարը ամբողջովին ենթարկել տալով իրենց ձեռքերին: Միայն Խաչըՙ ապրած ու սիրված, կարող է ծնել այնքան հրաշքներՙ տանջանքը փոխարկելով մի կատարյալ հայելուՙ այս ազգի ճակատագրի համար:
Փնտրելով նախասկզբնական մարդուն
Մենք Արեւելքի դարպասների մոտ ենք: Ավելի սուբյեկտիվ, քան աշխարհագրական, հրաշքի դարպասներՙ գայթակղիչ ու սահուն: Իսկական մարտահրավեր է դրանք լուսանկարչական խցիկով ու հատկապես խոսքերի մեջ որսալը: Խոսքերի մեջ, որ միշտ պակաս հասկանալի են: Խոսքերի մեջ, որ դեռ պահպանվում են միայն հեքիաթներում ու լեգենդներում... ու մարդկանց մեջՙ ծնված այս լեգենդներում: Շատ երկրներ ու ծովեր տեսա եւ շատ երկար սպասեցիՙ դրանք ճանաչելու համար: Ու հիմա նրանք ինձ դիմավորում են իրենց լեգենդներով, որի ճշմարտությունը շատ պարզ է իրենց արարքներում: Դրանք հասկանալը դժվար չէ: Դժվար չէ դրանց խոսքերի իմաստը հասկանալը. երկար լռությունն ու սպասումը սրել են իմ լսողությունը:
Ինչպես Ալիսինՙ Հրաշքների աշխարհում, ինձ էլ հարցնում են. «Քեզ ի՞նչը բերեց մեզ մոտ...»: Ի՞նչ է որոնում այստեղ այս չվող թռչունըՙ եկած մի երկրից, որը միայն երկու հազար տարեկան է: Ի՞նչ է որոնում մի ռումինացիՙ քաջերի երկրում, որը վախեցրել է հռոմեացիներին ու բյուզանդացիներին: Ի՞նչ է որոնում քանդակագործների, գրիչների, բանաստեղծների ու ճարտարապետների երկրում, որը Եվրոպայի ու Արեւելքի քմահաճ ու սնափառ սրտերն է գրավել: Այս երկրում, որին այսօր սահմանված է մի փոքր անկյունՙ հին կայսրությունից եւ որը ցինիկների համար նշանակում է միայն «Ռադիո Երեւան»:
Ի՞նչ է որոնում մի ռումինացի Երեւանում: Փարաջանովի՞ն... Իհարկե... սակայն նաեւՙ հին մարդուն, համաշխարհայնացմանը չենթարկվածին: Եկել եմ մեծ դյուցազներգությունների էջերի համար, որոնք Փարաջանովը դրեց իմ դեմ, այստեղՙ Աստծո ու Նոյ նահապետի միջեւ Նոր ուխտի հողի վրա: Ուխտ, որ արված է ավելի 5000 տարի առաջ, Արարատի թաց հողի վրա: Օրհնյալ լեռ, ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հարավ իր զույգիցՙ մշուշոտ Էլբրուսից: Մեծ Կովկասն ու Փոքր Կովկասըՙ տանջանքի ու ապստամբության լեռները, վճիտ ջրի եւ օրհնության լեռները, այնքան մոտիկ են իրար... Հին անեծքը ու Նոր ուխտը, մարդու կռիվն ու հաշտեցումը Աստծո հետ: Երկու լեռ, Սեւ ու Կասպից ծովերի միջեւ, կարծես համադրել են ամբողջ մարդկության ճակատագիրը:
Հիշողության հինավուրց երկիր, աշխարհի առաջին ու վերջին լեգենդների երկիր (մի վրացական մարգարեության համաձայնՙ Ահեղ Դատաստանը Մցխեթի մեջ պիտի լինի), Կովկասը խոր շնչի մի տեղ է, ուր մարգարեությունները պահպանվում են մինչեւ այսօր, որովհետեւ «հին, չհամաշխարհայնացված մարդու» գեները ողջ են ու շարունակում են ներշնչել: Իզուր չէ, որ Կենսատու Սյան տաճարն այստեղ է: Այստեղ, որտեղ ծագումի հիշողությունը ողջ է ու շարունակում է ձեւավորել իդեալներ ու ճակատագրեր: Ու ես հարց տվի ինձ ՙ «Ինչպե՞ս»:
Ռումիներենից թարգմանեց ԱՆԴՐԵՅ ՊԱՍԼԱՐԻՈՒՆ

http://www.azg.am/AM/2016062403


The PDF version of the newspaper, readable on-line: https://issuu.com/98595/docs/2016024_culture/3?e=4254015/36746132